ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լուրեր

Լուրեր
05.09.2008 | 00:00

Գնաց Վանոյի տուն
Երեկ կառավարության հերթական նիստում որոշում է ընդունվել ՀՀ նախագահի ծառայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ որպես բնակարան։ Հիշեցնենք, որ մինչ օրս պաշտպանության նախարարության ընդունելությունների տունը հանդիսացող այդ շինությունը՝ մի քանի առանձին շենքերով, նախկին ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը կառուցեց 1990-ականների կեսերին, իբրև ՆԳՆ ընդունելությունների տուն։ Մի շրջան Սիրադեղյանը նույնիսկ ապրում էր այնտեղ։ Հետո այն փոխանցվեց ՊՆ-ին, հիմա՝ Ռ. Քոչարյանին։ Երևի հիսուն տարի հետո այդ տանը հուշատախտակ փակցվի այն մասին, որ այդտեղ երբևէ ապրել են անհաշտ հակառակորդներ Վանո Սիրադեղյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Այսօր՝ ներկա, վաղը՝ նախկին
Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Կենտրոն համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվելու ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ որոշումը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ տերպետրոսյանական ընդդիմադիր թևը բոլոր ընտրություններին մասնակցելու մարտավարական ծրագիր է իրականացնում, այլև իշխանությունների կողմից Զուրաբյանին տրված այն «գարանտիայով», թե չեն խոչընդոտելու ժողովրդի կամքի ազատ դրսևորմանը։ Ավելին, իշխանամերձ աղբյուրների պնդմամբ, գործող վարչակարգը շահագրգիռ չէ ինչպես Կենտրոն, այնպես էլ Երևանի մյուս համայնքներում գործող թաղապետերի վերարտադրությամբ, որոնք, չնչին բացառություններով, հանրապետական կուսակցության անդամներ են, ինչպես տվյալ դեպքում Գագիկ Բեգլարյանը։ Այս փաստը լիովին տեղավորվում է ՀՀԿ խորհրդի և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարության շրջանակներում, համաձայն որի՝ բոլոր գործող համայնքապետերը շատ շուտով դառնալու են «նախկին»։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Լեգալացում
«Աբխազիան և Հարավային Օսիան միանգամայն կարող են դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ մինչև այս տարվա վերջը։ Այդպիսի քայլը որևէ կերպ չի հակասի միջազգային իրավական նորմերին»,- երեկ հայտարարել է Ռուսաստան-Բելառուս միության պետական քարտուղար ՊԱՎԵԼ ԲՈՐՈԴԻՆԸ՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Վրաստանում, սակայն, խիստ կասկածում են, որ Բելառուսը կգնա Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը։ Մասնավորապես, Վրաստանի փոխարտգործնախարար Գրիգոլ Վաչնաձեն հայտարարել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի լեգալացում տեղի չի ունենա։
Վ. Մ.

Անսկզբունք, պրագմատիկ ու երեսպաշտ
Երեկ մտավորականների ֆորումը Հարավային Օսիայի դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Վերջին իրադարձությունները մերկացրին արդի աշխարհի առավել քան անսկզբունքային ու պրագմատիկ էությունը, որում ճգնաժամային պահերին որոշիչ են դառնում ոչ թե ամրագրված դիրքորոշումները, այլ գերիշխող շահերը... Հարավային Օսիայում Ռուսաստանի միջամտությունն այս անգամ փրկեց մի վտանգված փոքր ժողովրդի և, միևնույն ժամանակ, մարտահրավեր նետեց արդի աշխարհակարգին` քողազերծելով վերջինիս երեսպաշտ բնույթը»: Ֆորումը նաև փաստում է, որ ներկա աշխարհակարգում բացակայում է արդարության և միարժեք սկզբունքների իրագործումը, սանձազերծվում են այնպիսի վայրի զարգացումներ, որոնք արդի աշխարհի մարդու կողմից այլևս անընդունելի են: Որպես լուծում՝ մտավորականներն առաջարկում են ձևավորել միջազգային նոր ատյան, որը կվերականգնի սկզբունքների գերակայությունը:
Ռ. Խ.

Երկկողմանի շոու
Մասնավոր զրույցների ժամանակ վերջերս գործարարները հաճախ են դժգոհություն հայտնում, որ այն, ինչ ներկայացվում է մաքսային համակարգի բարեփոխումների անվան տակ, պարզունակ շոու է։ Հիմնավորումն այն է, թե մաքսազերծման գործընթացը դանդաղում է, իսկ երբ մաքսավորներին ներկայացնում են օրենքում կատարված փոփոխությունները, որոնք պահանջում են ժամանակին մաքսազերծում իրականացնել, վերջիններս, ոչ ավել-ոչ պակաս, հետևյալն են ասում. «Այն, ինչ ներկայացվում է հեռուստատեսությամբ, կապ չունի իրականության հետ»։ Արդյոք այն, ինչ ներկայացվում է, իրո՞ք կապ չունի իրականության հետ, փորձեցինք ճշտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ։
«Նման բան չի կարող լինել։ Ասվածը չի համապատասխանում իրականությանը։ Սակայն եթե նշեք կազմակերպության անունը, որը խնդիր է ունեցել մաքսազերծման հետ, ապա կոնկրետ դեպքի առիթով ուսումնասիրություն կիրականացնենք և հստակ կպատասխանենք Ձեր հարցին»։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահին տեղեկացրինք, որ գործարարները զերծ են մնում մաքսավորների անուններ նշելուց, քանի որ պատժվելու մտավախություն ունեն և խնդրում են իրենց ընկերության անունը չշոշափել։
«Բայց դա էլ ճիշտ մոտեցում չէ,- հակաճառեց Գագիկ Խաչատրյանը։- Երբ ոչ կազմակերպության և ոչ էլ խոչընդոտողների անունները չեն հիշատակվում, ինչպե՞ս հասկանալ՝ դժգոհությունները հիմնավո՞ր են, թե՞ ոչ»։ Մեր զրուցակցից փորձեցինք ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե անձամբ ինքը Հայաստան է ներկրում շուրջ 20 անուն ապրանքատեսակ, ընդ որում, «Սանդորա» հյութերի միակ ներկրողը ևս նրա ղեկավարած ընկերությունն է։
«Ամբողջ Հայաստանը շատ լավ տեղյակ է, թե իրականում ով է «Սանդորա» հյութերի ներկրողը։ Եթե մի 20 անուն ապրանք էլ Դուք Ձեր կողմից ավելացնեք այդօրինակ խոսակցություններին, կստացվի, որ շուրջ 40 անուն ապրանքատեսակ եմ ներկրում։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա այդօրինակ լուրերն ընդամենն ասեկոսեներ են՝ զերծ որևէ հիմնավորումից»,- ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Վարկերն էլ չեն փրկի
Մի քանի ամիս առաջ, երբ ռուսաստանյան հսկայի` PAO EC-ի կառուցվածքային խոշոր վերակազմավորման արդյունքում «գիգանտը» մասնատվեց ու բաժանվեց մի քանի «թզուկ» ընկերությունների, շատերի մեջ հարց առաջացավ, թե ինչ ճակատագիր է սպասում PAO EC-ին պատկանող «ՀՀ էլեկտրացանցեր» ընկերությանը: Տեղի պատասխանատուները շտապեցին հայտարարել, թե ռուսական ընկերության մասնատումը որևէ փոփոխություն չի մտցնի հայկական ընկերության կառուցվածքում, սակայն մոսկովյան աղբյուրներն արձանագրում են, որ PAO EC-ի նոր ղեկավարությունը որոշակի դժգոհություններ ունի հայաստանյան գործընկերներից, մասնավորապես, ներդրումային ծրագրերի գծով: Այս ոլորտում «ՀՀ էլեկտրացանցերի» ղեկավարության ոչ արդյունավետ ներդրումային քաղաքականությունը, փաստորեն, հանգեցրել է նրան, որ համակարգը «սնուցող» սարքավորումների տեխնիկական բազան ֆիզիկապես ու բարոյապես վաղուց սպառել է իրեն: Պատահական չէ, որ ձմեռը նորմալ դիմավորելու և ճանապարհելու նպատակով հայ էներգետիկները ստիպված են խոշոր վարկեր վերցնել հիմնականում ԹՁը բանկից: Էներգահամակարգին մոտ կանգնած մեր աղբյուրներն իրենց հերթին պնդում են, որ «ՀՀ էլեկտրացանցեր» ընկերությունում չեն բացառվում կառուցվածքային փոփոխությունները, որոնց արդյունքում, ամենայն հավանականությամբ, կլինեն նաև կադրային լուրջ տեղաշարժեր:
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

«Տեղը չեն բերել»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում հայտարարեց, թե ՀՀ նախագահի որոշ հանձնարարականների կատարողականը պահանջվածից ցածր է, ինչը պայմանավորված է որոշ նախարարների կողմից իրենց գերատեսչությունում իրականացվող աշխատանքների ցածր վերահսկողությամբ։ Այլ կերպ ասած՝ գործադիր իշխանությունում ոմանք «տեղը չեն բերել», որ բարեփոխումները ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում պետք է ներդրվեն։ Վարչապետը հանձնարարեց նախարարներին՝ ուժեղացնել վերահսկողությունը, աշխատակիցների գնահատման հստակ չափանիշներ սահմանել՝ զուգահեռաբար խորհուրդ տալով մանրամասն ուսումնասիրել ՀՀ նախագահի ելույթը ԱԺ-ում։
Ժ. ՎԻԼՅԱՆ

Հասարակ մահկանացուներին էլ հարկեցին
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը մանրամասներ փոխանցեց ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին գործադիրի կայացրած որոշումից, համաձայն որի՝ տարեկան 8 մլն դրամի սահմանագիծն անցնելուց հետո ֆիզիկական անձանց եկամուտները կհարկվեն։ Միևնույն ժամանակ, եթե ֆիզիկական անձանց տարեկան եկամուտներն արդեն իսկ հարկվում են գործատուի կողմից (եկամտահարկի և սոցվճարների ձևով), ապա ֆիզիկական անձանց եկամուտները չեն հարկվի, բայց և այնպես, դա չի ազատի նրանց հայտարարագրման պարտավորությունից։ Եթե հայտարարագրողը թաքցնի իր եկամուտները, ապա կգործեն տույժեր, որոնք համապատասխան կլինեն տարեկան եկամտի 10 տոկոսին։
ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Կարլեն Գևորգյանն էլ իր հերթին նշեց, որ կառավարությունը հաստատել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու որոշումը, ըստ որի՝ «Քաղաքաշինության բնագավառ» բաժնում ավելացվել է լիցենզավորման ենթակա երկու ոլորտ՝ շինարարության որակի տեխնիկական հսկողություն և շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի գնահատում։ Փոխնախարարն ընդգծեց, որ այս որոշման հիմքում ընկած են նախարարության կողմից 2001-2007 թթ. համար իրականացված ուսումնասիրությունները։ Ի դեպ, նկատենք, որ այս որոշումն ավելի քան տեղին էր, քանի որ ով ասես շինվերահսկողություն է իրականացնում և տալիս համապատասխան եզրակացություն։ Իսկ եթե լիցենզավորողը քաղաքաշինության նախարարությունն է, շինարարության ողջ ընթացքը կվերահսկվի մասնագետների կողմից, և կխուսափենք այնպիսի դեպքերից, ինչպիսիք եղան Գյումրիում։
Ժ. ՎԻԼՅԱՆ

Մրցում են ուսուցիչները
Երեկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչների մրցույթի հանրապետական փուլը։ Այս մրցույթը, որն անցկացվում է 2003 թվականից ի վեր` Հայ առաքելական եկեղեցու և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, տեղի է ունենում երկու փուլով՝ մարզային և հանրապետական։ Մարզային փուլը կազմակերպվում է տեղերում՝ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովների կողմից։ Հանրապետական փուլին մասնակցելու իրավունք է ստանում մարզում յուրաքանչյուր առարկայից հաղթող ճանաչված մեկ ուսուցիչ։ 2003-ից ի վեր շուրջ 200 ուսուցիչ արժանացել է մրցանակների։
Այս տարի հանրապետական փուլին մասնակցում է 44 ուսուցիչ։ Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։
Լ. Գ.

«Անձնապիտո» կամ` թռիչք բառակազմության ոլորտում
Ազգային վիճակագրական մեր ծառայությունը, փաստորեն, բանուգործ չունի. ամբողջովին և կրծքով պաշտպանում է կառավարությանը, ինչ է թե հանկարծ ամբողջական թիվ ցույց չտրվի, թե չէ սովորական քաղաքացիների համար նույնիսկ պարզ կլինի, թե միանգամից և որքան արագ է կյանքը թանկացել մեզանում` նույնիսկ իրենց հաշվարկների համատեքստում, մի խոսքով` ամեն բան տրամադրել «խստիվ չափավորված»: Մի բան, որ լավ էլ արվում է…
Այս ծառայությունը հերթական անգամ երկու ամիս է միայն իրար հետ համեմատել, տվյալ դեպքում` օգոստոսն ու հուլիսը, և պարզել է, որ, ի տարբերություն շատուշատ այլ երկրների, մեզ մոտ ահագին լավ է. ընդամենը 0,4% գնաճ ենք արձանագրել ոչ պարենային ապրանքների շուկայում (ասենք` հագուստ, գրենական պիտույք, կոշկեղեն, վառելիք, խոհանոցային ապրանք, լվացող միջոցներ և այլն), իսկ դրա փոխարեն տեղի է ունեցել 1,4-0,2% գնանկում` «անձնապիտո ապրանքների, շինանյութերի, մշակույթի ապրանքների շուկայում»:
Ա՜յ քեզ բան։ Նկատեցի՞ք, թե մեր Ազգային վիճակագրական ծառայությունն ինչ ահռելի թռիչք է գործել բառաշինարարության կամ նոր բառակազմության ոլորտում: Հետաքրքիր է` «անձնապիտո՞ն» որն է, թե՞, Ստեփան Մնացականյանի կարծիքով, թանկացած հագուստը «անձնապիտո» չէ. առնում ես ու տանում ծառի վրա փաթաթում-«դարձնում ծառապիտո»… Փոխանակ գրեն, թե 2007-ի օգոստոսի համեմատ 2008-ին բոլոր «անձնապիտո և ծառապիտո» ապրանքները որքան են թանկացել, և կյանքն ինչքան է բարդացել մեզանում, ինչից չեն վախենում, օրինակ, նույնիսկ Ղազախստանում։ Այնտեղ խոստանում են պատճառները հասկանալուց հետո պայքարել դրա դեմ, իսկ սրանք խաղ են անում տարբեր «պիտոներով»…
Գ. Ս.

Դիտվել է՝ 3918

Մեկնաբանություններ